Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իշխանություններն արդարանալու բաղադրատոմս ունեն

Իշխանություններն արդարանալու բաղադրատոմս ունեն
19.02.2019 | 01:38

Հայաստանում «իրավիճակ փոխվելուց» 9 ամիս է անցել: Այս ընթացքում ներքաղաքական դաշտը, հասարակությունն ու մենք՝ լրագրողներս, ինչերի միջով ասես, որ չենք անցել ու դեռ անցնում ենք: Սկզբում քաղաքական դաշտը «սերժականների» ու «նիկոլականների», այնուհետ հասարակությունը՝ սևերի ու սպիտակների, հետո էլ ու մինչ օրս լրատվամիջոցներն ու լրագրողներն են բաժանվում՝ «չարունախանձների» և հեղափոխության ջահակիրների: Ազգային ժողովի ամբիոնից նախորդ շաբաթ իշխող թիմի ներկայացուցիչները, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առիթը բաց չթողեցին հերթական անգամ թիրախավորելու լրատվամիջոցներին: «Ըստ օդում կախված լուրերի» արտահայտության ոճին հավատարիմ ու պահպանելով թերթի գլխավորի խմբագրի հետապնդող բառապաշարը՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ հաթաթա տվեց լրատվամիջոցներին, թե «հանգիստ նստեք տեղներդ», այլապես ձեզ էլ կմերժենք:


Հասարակության խնդիրներն ու պաշտոնյաների չարաշահումները բարձրաձայնելը հաճելի չէ և ոչ մի իշխանության, բայց լրագրողներիս աշխատանքը տեսածն ու լսածը, առկա խնդիրները բարձաձայնելն է՝ անկախ հանգամանքից՝ դա իշխանությունների սրտո՞վ է, թե՞ ոչ: Ի դեպ, հաճախ քննադատության կիզակետում են հայտնվում նաև ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերը` սխալ կամ հասարակությանը վնասող քայլերի համար:
9 ամիսների ընթացքում արած ու չարած գործերի համար պատասխան տալը ծանր բեռ է:

Արդարացի չէ նաև այդ ընթացքի համար նորեկներից այնպիսի արդյունքներ ակնկալելը, որ նախկինները մի քանի տարում չեն կարողացել անել: Հեշտ չէ բնավ առկա արատավոր բոլոր երևույթներին միանգամից դրական լուծում տալը, բայց ամեն ինչում մեղավորներ փնտրելն ու մեղադրանքի սլաքն այլ ուղղությամբ պահելն էլ ճիշտ գործելաոճ չէ: Այս ամիսների ընթացքում նոր իշխանությունները կարող էին սովորել, որ անքուն գիշերների, շատ աշխատելու, խոր ընկճախտի ու սթրեսի մեղավորները լրագրողները չեն: Եթե կառավարման մի շարք ոլորտներում տեսանելի արդյունքներ չեն երևում, չնայած դրանց շտկման մեծագույն ցանկությանը, ապա ո՛չ ընդդիմությունն է մեղավոր, ո՛չ էլ, առավել ևս, լրատվամիջոցները: Ամենատարբեր օղակների ու անհատների վրա մեղքը բարդելով, խուսափելով ուղղակի կամ անուղղակի պատասխանատվությունից՝ հարցին ոչ թե լուծում ես տալիս, այլ խորացնում առկա ճգնաժամը: Պետք է քաջություն ունենալ ու հրաժարվել բոլորին մեղադրելու մոլուցքից, հասցեական ընդունել սխալն ու աշխատել հարցի հնարավոր լուծումների շուրջ: Անկախ այն հանգամանքից, թե ինչքանով է նոր իշխանությունների սրտով լրատվամիջոցների քննադատությունը, նրանք, ի վերջո, պետք է ընդունեն, որ շատ ավելի շահեկան է քննադատություն լսելը, քան հասարակության շահերը ներկայացնող անձանց վրա ատելություն ու լուտանք թափելը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ